ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Խիղճը խանգարում է». Զորայր Խալափյան (1933-2008), արձակագիր

«Խիղճը խանգարում է». Զորայր Խալափյան (1933-2008), արձակագիր
11.08.2022 | 07:24

...Զատկի օրն առավոտյան ժողովուրդը բարձրացավ վանքերը: Հոգեհանգստից ու աղոթքից հետո ցրվեցին գերեզմանոցում, որպեսզի կրկին հավաքվեն ընկուզենիների տակ՝ զատիկն ուտելու:


Այստեղ էր ամբողջ Միջնաշենը: Հանկարծ անտառում ձայներ լսվեցին:
-Ի՞նչ մարդիկ են հուզված ձայն տալիս,-հարցրեց Տեր-Հայրը:
-Սերինոսն ու կնիկն են: Երեխան չկա՝ Ծովին:
...Դոփյուն լսվեց: Ձիավորներից մեկը Ճղարանց Սմբատն էր:
-Քոչը՜, քոչը՜,-ասաց նա:-Իմ աջը կկտրեմ, թե դրանք չլինեն երեխային տարած:-Այդ քոչի ոտը այս ճանապարհից պիտի կտրվի: Հերի՛ք ինչքան շինականին վնաս տվին: Հավը տանեն, շեմքի շունը տանեն, շորերը լվացքի թելով-բանով տանեն, պղնձե կուժը աղբրի տակից տանեն, ինչ ձեռքն ընկնի՝ խառնեն քոչին...


...Հարսանիքը դեռ թափ չէր առել, երբ լուրը տարածվեց ամբողջ գյուղում. Սմբատն ու ևս մի քանիսը թուրք մի երեխա են բռնել հանդերում, բերել են, Սերինոսի աղջիկ Ծովու վրեժը պիտի լուծեն:
Միջնաշենցի մի քանի տղաների ձեռքը Սմբատը շամփուրներ էր տվել, որ ծակոտելով արյունլվիկ անեն տղային, բայց նրանք կանգնել էին շփոթ ու տարակուսած. չէին հավատում, որ այդ թշվառ ու ողորմելի տղան իրենց թշնամին է:
-Հա՜, ա՛յ ժողովուրդ, պիտի անենք, պիտի կարողանանք, պիտի սովորենք: Դուք ուզում եք, որ մեզ բոլորիս ջնջի՞: Ինչի՞: Մենք նրանցից սրտոտ, ուժեղ, մեր բազուկը նրանցից հաստ, ինչի՞ է մեր խիղճը մեզ խանգարում մեր արյունը թափողի արյունը թափել:
-Որովհետև մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, դու մեզ տարար ո՞ւմ հետ համեմատեցիր,-ամբոխի միջից ասաց մեկը:
Ձայնի վրա Սմբատը բարձրացրեց ձեռքը.
-Թուրքի աչքը հանած պիտի պահես, վրեժդ չհանես՝ ավելի կլկտիանա, կկատաղի, այդ է շերիաթի նրա օրենքը: Եվ սա հիմա պիտի այստեղ սատկի՛:
-Գնացեք Տեր-Հորը կանչեք,-լսվեց մի ծերունական ձայն:
-Գյուղումս չի:
-Թողեք Մարտիրոսովը խոսի:
Մարտիրոսովն ասաց.
-Ընդունված կարգ է՝ թշնամուն հանդիպել ռազմի դաշտում: Իսկ ամեն անզեն, անօգնական անձ ո՛չ թե թշնամի է, այլ գերի: Իսկ գերու հետ պետք է մեծահոգաբար վարվել:
-Շա՛տ երկարեց,-ասաց Սմբատը:
-Բայց ես դեռ չեմ վերջացրել: Սա նույնիսկ գերի չի: Սա մի անչափահաս երեխա է: Միայն թուրքին է վայել երեխայի արյուն հեղելը:


...Վրա հասավ Սևին, որից Սմբատը մի թաքուն վախ ուներ, առանց որևէ բան ասելու թուրքի երեխան առաջը գցած հեռացավ, տարավ նրանց գյուղ, հանձնեց ծնողներին:
(«Միջնաշեն», վեպ, Եր., «Նաիրի» հրատ., 1991)


Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12416

Մեկնաբանություններ